Apple ընկերությունը AirPods անլար ականջակալների նոր մոդել է ներկայացրել։ Ընկերության կայքի տվյալներով, ականջակալների պատյանին հայտնվել է անլար լիցքավորման գործառույթ։ Բացի այդ, մեծացել է խոսակցության ընթացքում առանց լիցքավորման դրանց օգտագործելու ժամանակը՝ հայտնում է РБК-ն։

Թարմացումները կատարվել են H1 նոր չիպի շնորհիվ, որը ստեղծվել է հատուկ ականջակալների համար։ Դա թույլ է տվել սարքերի հետ անլար միացումն ավելի կայուն դարձնել եւ արագացնել տվյալների հաղորդումը։ Ընկերությունը նաեւ խոստացել է, որ AirPods-ը 5 ժամ կաշխատի մարտկոցով եւ ավելի քան 24 ժամ պատյանի միջոցով լիցքավորվելով։ Պատյանն ինքը Qi ստանդարտի անլար լիցքավորման հնարավորություն է ստացել, պահպանվել է այն Lightning-ի միջոցով լիցքավորելու հնարավորությունը։

Apple-ը նաեւ թարմացրել է ձայնային օգնականի ակտիվացման գործառույթը, այժմ այն կմիանա «Ողջույն, Siri» ձայնային հրամանով։ Նախորդ տարբերոկում դրա համար անհրաժեշտ էր սեղմել ականջակալները։

Երկրորդ սերնդի AirPods-ները վաճառքի կհանվեն հաջորդ շաբաթվանից եւ անլար լիցքավորման պատյանի հետ միասին կարժենան մոտ 265 դոլար, սովորական պատյանովները կարժենան 185 դոլար։