ԴՆԹ թեսթը, հնարավոր է, օգնի բացահայտել խորհրդավոր սերիական մարդասպանի անձը։ Համաձայն Journal of Forensic Scientists ամսագրի, հանցագործին կարելի է նույնականացնել միտոխոնդրիալ ԴՆԹ-ի միջոցով, որ նա թողել է հանցանքներից մեկի վայրում։

1888թ․ Լոնդոնում հինգ կին էր սպանվել։ Սպանողին Ջեկ Մարդասպան էին անվանել, սակայն մինչ այժմ հայտնի չէ, թե ով էր նա։

Ըստ աղբյուրի, մետաքսե գլխաշորը, որ գտնվել է զոհերից Քեթրին Էդոուսի մոտ, հանցագործության միակ հայտնի իրեղեն ապացույցն է։ Մարդասպանը կտրել էր զոհի արգանդը եւ ձախ երիկամը։

Զեկույցի հեղինակները՝ Լիվերպուլյան համալսարանից Յարի Լոխելայնենը եւ Լիդսի համալսարանից Դեւիդ Միլլերը հետազոտության են ենթարկել գլխաշորը միտոխոնդրիալ ԴՆԹ գտնելու համար։ Նրանց խոսքերով, դրա վրա կա Էդոուսի կենսանյութը, բացի այդ սերմնահեղուկի հետքերից ստացված միտոխոնդրիալ ԴՆԹ-ն համապատասխանել է գլխավոր կասկածյալներից մեկի՝ Ահարոն Կոսմինսկիի ԴՆԹ-ին։

Կոսմինսկին լեհ-հրեական ներգաղթյալ էր, որը ապրում էր զոհերից մեկի սպանության վայրից 200 յարդ հեռավորությամբ՝ հայտնում է Yahoo News UK-ը։

Գիտնականները նաեւ ֆենոտիպի անալիզ են արել՝ ԴՆԹ-ն ուսումնասիրելով կասկածյալի ֆիզիկական բնութագրի տեսանկյունից։ Նրանք ասել են, որ արդյունքները համընկնում են Ջեկ Մարդասպանի միակ ականատեսի վկայությունների հետ։ Նա ասել էր, որ կասկածյալը շագանակագույն աչքերով եւ նույն գույնի մազերով տղամարդ էր։

«Թեեւ այս բնութագրումներն, անկասկած, հազվագյուտ չեն, դրանք ամբողջովին հաստատում են մեր հիպոթեզը։ Մենք չունենք հավաստի տեղեկություն այն մասին, թե ինչ հաճախականությամբ էին 1888թ․ Լոնդոնում հանդիպում այս ֆենոտիպային բնութագրումներով տղամարդիկ, սակայն ներկայում Անգլիայում երկնագույն աչքեր ավելի շատ են հանդիպում, քան շագանակագույն»,- գրում են հեղինակները։

Թեեւ Ջեկ Մարդասպանը մնում է հանելուկ, Լոխելայնենը եւ Միլլերը իրենց զեկույցն անվանել են «այսօրվա դրությամբ Ջեկ Մարդասպանի սպանությունների ամենահամակարգված եւ ամենակատարյալ գենետիկական անալիզ»։