Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը արհեստական ինտելեկտը միջուկային զենքի եւ ատոմային էներգիայի հետ է համեմատել՝ հայտնում է Hightech-ը։

Քանի դեռ ալգորիթմները էապես չեն ազդում կյանքի որակի եւ հասարակության վրա, ԱԻ-ն պետք է օգուտ բերի ոչ միայն ընկերություններին, որոնք նեյրոցանցերը օգտագործում են տվյալների վերլուծության համար։ Առաջին հերթին մշակումները պետք է ներառել կրթության, բժշկության ոլորտներ՝ ընդգծել է գործարարը։ Այդ խնդրի վրա Գեյթսը ուշադրություն է հրավիրել Սթենֆորդի համալսարանի նոր ուսումնական կենտրոնի բացման առիթով հրավիրված համաժողովում իր ելույթի ժամանակ։

Microsoft-ի համահիմնադիրը պատրաստ է վստահել մեքենայի ինտելեկտին, օրինակ, ստեղծելու իդեալական ուսումնական ծրագիր, որն այնուհետեւ կարելի է տարածել ողջ աշխարհում։

Գեյթսը անվանել է նաեւ ԱԻ-ի հիման վրա ժամանակակից համակարգերի գլխավոր խնդիրը՝ անթափանցությունը։ Նա հուսով է, որ շուտով ալգորիթմների լուծումները կդառնան ավելի հասկանալի՝ առանց որակին վնասելու։ Իր ելույթում նա նշել է, որ ԱՄՆ-ը տեխնոլոգիական շուկայում առաջատարի իր դիրքը աստիճանաբար զիջում է այլ երկրներին։ Գեյթսը հնարավոր է համարել, որ արհեստական ինտելեկտի ոլորտում թռիչք կիրականացնեն ոչ թե ամերիկյան գիտնականները, այլ ուրիշ երկրների հետազոտողները։