ԵՊՀ ռեկտորի հրամանի համաձայն՝ ստեղծվել է ԵՊՀ-ում բարեփոխումների իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողով, որն այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճի նախասրահում անցկացրեց առաջին նիստը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԵՊՀ լրատվական ծառայությունից։

ԵՊՀ-ում բարեփոխումների իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողովի նախագահն Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանն է: Հանձնաժողովի կազմում են ներկայացուցիչներ ԵՊՀ գիտակրթական բոլոր ստորաբաժանումներից և Ուսանողական խորհրդից:

Հանձնաժողովի նիստի սկզբում անդամներին ողջունել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ հույս հայտնելով, որ այն բոլոր խնդիրները, որոնք իր առջև դնելու է հանձնաժողովը, պատվով կկատարի. «Մենք դժվար շրջան ենք թևակոխել. բարձրագույն կրթության առջև ծառացած խնդիրները շատացել են, դժվարացել: Մենք երկար մտորեցինք՝ այս հանձնաժողովի ստեղծման հետ կապված, ոչ միայն այն բանի համար, որ սա օրախնդիր պահանջ էր հասարակության կողմից, այլև նախևառաջ այն պատճառով, որ ինքներս ենք գտնում այս հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման անհրաժեշտությունը: Մենք՝ ինքներս, լավ հասկանալով, որ համալսարանին մշտապես անհրաժեշտ են բարեփոխումներ, ցանկանում ենք նոր թափ հաղորդել, նոր շունչ տալ դրանց »,- ասել է ԵՊՀ ռեկտորը:

Արամ Սիմոնյանի հավաստմամբ, ԵՊՀ-ում բազում խնդիրներ կան, որոնք պետք է քննարկվեն. «Առաջարկությունները, որոնք ստացել և ստանալու եք ստորաբաժանումներից և ուսանողներից պետք է քննարկեք, և ես կցանկանայի, որ հանձնաժողովի աշխատանքների արդյունքը պարբերաբար ներկայացվի Գիտական խորհրդին՝ քննարկման համար, որը հետո կարող է վերածվել գործողությունների պլանի»:

Արամ Սիմոնյանն ասել է, որ հանձնաժողովի աշխատանքներին չի միջամտելու, բայց պատրաստակամություն հայտնեց ինչ-ինչ հարցերի վերաբերյալ խորհրդատվության համար հանձնաժողովի նիստերին հրավիրվելու դեպքում ներկա գտնվել:

Հանձնաժողովի նախագահ Վահե Հովհաննիսյանը, նախքան ճանապարհային քարտեզը ներկայացնելը, շեշտել է, որ հանձնաժողովն ամբողջությամբ պետք է ինքնուրույն լինի:

«Այդ ինքնուրույնության ձևավորման փուլում հնարավոր են նաև շահերի բախումներ, և ես ի սկզբանե ցանկանում եմ ասել, որ հնարավոր է՝ հանձնաժողովը կայացնի այնպիսի որոշումներ, որոնք հակասության մեջ կլինեն մեր ղեկավարների, մեր անձնական շահերի հետ: Այդ շահերի բախումից խուսափելու համար, եթե մենք չունենանք բավարար կամք, ավելի լավ կլինի՝ հենց այս պահին մեր անդամակցությունն այս հանձնաժողովին դադարեցնենք: Եթե մենք պատասխանատվություն ենք ստանձնում անցնելու այդ ճանապարհով, ապա այն պետք է անցնենք մինչև վերջ»,- նշել է Վահե Հովհաննիսյանը:

Նա պարզաբանել է, որ հանձնաժողովը չպետք է առաջնորդվի զուտ անձնական կամ խմբային շահերի լոբբինգով. «Մեզ միավորում են միայն համալսարանական շահերը: Հնարավոր է՝ փորձ կատարվի քաղաքականացնելու մեր հանձնաժողովի գործունեությունը, մենք պետք է զերծ մնանք: Մեզ միավորում է ավելի լավ համալսարան ունենալու նպատակը, իմիտացիոն գործընթացներին մենք չենք մասնակցելու»:

Հանձնաժողովի նախագահն ասել է, որ պետք է գործունեության երեք հիմնական ուղիներ նախանշել. «Առաջին փուլը ենթադրում է առկա խնդիրների գույքագրում: Այսինքն՝ այն թերությունները և խնդիրները, որոնք վերաբերում են կրթական, գիտական, ադմինիստրատիվ գործունեությանը կամ ֆինանսատնտեսական ոլորտին, կառանձնացնենք նաև ուսանողներին առնչվող խնդիրները: Դրանք գույքագրելու ենք ոչ միայն ֆակուլտետներից, այլև այլ շահագրգիռ կառույցներից: Գրություններ կուղարկենք նրանց՝ սպասելով ԵՊՀ-ին առնչվող խնդիրների վերաբերյալ արձագանքներին»:

Վահե Հովհաննիսյանի հավաստմամբ, երկրորդ փուլում մշակվելու են կոնկրետ ծրագրեր. «Գործողությունների այնպիսի պլան, որոնց իրականացումը մեզ համար ցանկալի արդյունք կապահովի: Երրորդ և ամենակարևոր փուլը կադրային քաղաքականության մշակումն է լինելու: Ունենալու ենք հստակ չափանիշներ, որոնց բավարարման պարագայում կոնկրետ հնարավոր կլինի իրականացնել այդ ծրագիրը»: