Կիեւում անհայտ անձինք հրդեհել են մեկ շաբաթում Roshen-ի երրորդ խանութը, հայտնում է ՈւՆՆ գործակալությունը: 

Յուրի Գագարինի պողոտայում հրդեհի մասին ահազանգը ստացվել է մարտի 20-ի երեկոյան: Մինչ հրշեջների ժամանելը կրակն արդեն մարվել էր: Տուժածներ չկան:

Վկաները պնդում են, որ անհայտ անձանց են տեսել, որոնք ցուցափեղկի վրա են նետել դյուրավառ խառնուրդով շիշը:

Մարտի 18-ին հաղորդվել էր, որ անհայտ անձը աշխատանքային օրվա թեժ պահին Կրեշչատիկում Roshen-ի առեւտրի կետի ցուցափեղկի վրա էր նետել անհայտ խառնուրդով պայթուցիկ փաթեթ: Դրանից մեկ օր առաջ Օբոլոնսկու պողոտայում անհայտ անձինք հեղուկ վառելիք էին լցրել եւ հրդեհել Roshen-ի եւս մեկ խանութ:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Roshen հրուշակագործական կորպորացիան հիմնադրել է 1996 թվականին: Ընկերության մեջ են մտնում ստորաբաժանումներ Ուկրաինայում, Լիտվայում, Ղազախստանում, Չինաստանում եւ Հունգարիայում: