Հայաստանը պատրաստ է աջակցել Նոր Զելանդիային ահաբեկչության ժամանակ օգտագործված զենքի գրությունների ծագումը պարզելու հարցում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Արա Ֆիդանյանը:

«Գրությունները մեզ համար էլ են ուսումնասիրման առարկա: Դեռ պաշտոնական դիմում չի եղել, սակայն Նոր Զելանդիայի գործընկերներից նախնական ազդանշան մենք ստացել ենք: Բնականաբար, դեռ վաղ է ինչ-որ բան հաստատելը, փորձաքննություն է պետք: Սակայն հնարավոր համագործակցության մասին ազդանշան եղել է եւ կոնկրետ հարցերի ծագման դեպքում մենք ձեռնամուխ կլինենք ուսումնասիրմանը», - ասաց   Արա Ֆիդանյանը:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Քրասյթչըրչի (Հարավային կղզի) երկու մզկիթներում հրաձգություն էր կատարվել, որի հետեւանքով 50 մարդ էր զոհվել, եւս 50-ը՝ վիրավորվել: Ահաբեկիչների մոտ հայտնաբերված զենքերի վրա  մի քանի լեզուներով գրություններ կան, այդ թվում հայերեն: