Երբ գրավատները ներկայացվում են որպես փոքր եւ միջին բիզնես, ապա ես այդ պնդման հետ կտրականապես չեմ համաձայնի, քանի որ գրավատները չեն կարող որակվել որպես փոքր եւ միջին բիզնես։ Այս մասին մարտի 21-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների հետ փակ հանդիպումից հետո հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ մեկնաբանելով գրավատների եւ փոխանակման կետերի համար պետական տուրքերը 60 անգամ բարձրացնելու հնարավորության հարցը։

Նրա խոսքերով, ֆինանսական ծառայություններ տրամադրողները սկզբունքորեն իրավունք չունեն դիտարկվել փոքր կամ միջին բիզնեսի շրջանակներում։ «Մենք ունենք 129 գրավատներ, որոնք անցյալ տարի վճարել են ընդամենը 148 մլն դրամ եւ 17 բանկեր, որոնք վճարել են 49 մլրդ դրամ՝ որպես հարկ։ Այդ պատճառով մենք պետք է հասկանանք, որ գրավատների առկայությունը ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպությունների շարքում դեռեւս պետք է տնտեսապես հիմնավորվի։ Արդյոք գրավատների գործունեությունը նպաստո՞ւմ է տնտեսության զարգացմանը»,- ասել է Անանյանը։