Չնայած Սիրիան, Թուրքիան եւ Ռուսաստանը սերտ համագործակցում են իշխանության վերջնական ձեւի եւ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի հարցերի շրջանակներում՝ թուրքական կողմը հարմար առիթը բաց չի թողնում տարբեր քաղաքական հարթակներից Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ կարծիքներ հայտնելու՝ ի վնաս Ռուսաստանի շահերի: Մասնավորապես, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ  հայտարարել էր, որ «չի ճանաչում այսպես կոչված «հանրաքվեի» արդյունքները օկուպացված Ղրիմի կարգավիճակի մասին եւ սատարում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»: «5 տարի առաջ այսօր անցկացված հանրաքվեի հիման վրա Ուկրաինայի Ղրիմի ինքնավար հանրապետությունը բռնի կերպով միացվել էր Ռուսաստանի Դաշնությանը՝ խախտելով միջազգային իրավունքը»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: Ղրիմից քաղաքագետ Վլադիմիր Ջարալան համարում է, որ դա Թուրքիայի ավանդական դիրքորոշումն է, եւ դա բոլորովին զարմանալի չէ:  Որպես կանոն, նման արտահայտություններն ի հայտ են գալիս, երբ թուրքական կողմը ցանկանում է Ռուսաստանից զիջումներ ստանալ տնտեսության կամ քաղաքականության մեջ որեւէ հարցի շուրջ, կամ ձգտում է ցուցադրել ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին, որ իր միությունն իրավիճակային է: Որպես կանոն, այդ հայտարարությունները կրում են ծիսական բնույթ. գործնական քայլերով դրանք չեն ամրապնդվում:

Այդկերպ Ղրիմի միավորման տարելիցի կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ հստակ նկատվում է, որ նրանք ձգտում են թերակղզու թուրք-թաթարական բնակչության շահերի եւ իրավունքների պաշտպանության հանդեպ ուշադրություն գրավել եւ դրա հետ մեկտեղ ընդգծել, որ հիմնական ժողովուրդը, որի ձեռքերում պետք է լինի թերակղզու ճակատագիրը, Ղրիմի թաթարներն են: Սակայն հարց է ծագում՝ չեն տարածվում արդյոք Էրդողանի նեոօսմանյան ծրագրերը նախկին վասալական Ղրիմի խանության եւ Օսմանյան կայսրության տարածքների վրա:

Թուրքիայի առաջնորդը հայտնի է Թուրքիայի ներկայիս սահմանները հաստատող պայմանագրերը վերանայելու հակումով: Մասնավորապես, նա բազմիցս ասել է 1923 թվականի Լոզանի պայմանագրի անվավերության մասին, որով հաստատվում են Թուրքիայի սահմանները Հունաստանի, Սիրիայի եւ Իրաքի հետ: Իսկապես, մինչեւ Ռուսաստանի հետ Ղրիմի միացումը թուրքերը համակարգված կերպով իրականացնում էին  թերակղզում մեղմ ընդլայնում: Ուկրաինական իշխանությունների թույլ քաղաքականությունը հաշվի առնելով՝ Անկարան, ակտիվորեն աշխատելով Ղրիմի թաթարների հետ, ձգտում էր տարածել իր ազդեցությունն այդտեղ: Սակայն այժմ տեղական արմատականների աջակցությունը պակասել է: «Ուստի, եթե թուրքական ներկայիս իշխանությունները երազում են «Օչակովի ժամանակների եւ Ղրիմը գրավելու» վերաբերյալ ռեւանշի մասին, ապա այդ երազանքները կփոշիանան Սեւծովյա նավատորմի շնորհիվ»,-համոզված է Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը: