Մենք ռազմատեխնիկայի քանակական բաղադրիչը կփոխարինենք որակականով։ Այս մասին մարտի 22-ին Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, բարեփոխումների իրականացման գործընթացի եւ ձեռք բերված արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Նրա խոսքով՝ տեխնիկայի եւ սպառազինության ձեռքբերումը 2008 թվականի վերջին հետապնդել է որակական բաղադրիչը բարելավելու եւ հակառակորդի ուժերին ու միջոցներին դիմակայությունն ուժեղացնելու նպատակ։ «Այդ աշխատանքները տարվում են բավական ակտիվ։ Կատարվել են նաեւ աշխատանքներ՝ կապված համապատասխան հանդերձավորմամբ զինծառայողներին ապահովելու հետ, նրանց, ովքեր ծառայում են բարձրլեռնային պայմաններում։ Նրանց համար հատուկ առանձնացվել են բանակային տաք բաճկոններ եւ քուրքեր»,- պարզաբանել է Բալայանը։

Փոխնախարարը նշել է, որ սննդի կազմակերպումը կպատվիրակվի երրորդ անձանց՝ մասնավոր ընկերությունների, ինչի արդյունքում ոչ միայն կբարելավվի, այլեւ կընդլայնվի տեսականին։ Դա թույլ կտա ապահովել նաեւ համապատասխան կալորիականություն։ Ինչպես ճշգրտել է փոխնախարարը, այս տարի պատրաստվում են ծրագիրն իրականացնել մի քանի զորամասերում։