Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը սպասվող Փաշինյան–Ալիև հանդիպումից ակնկալիք չունի։ Այս մասին այսօր՝ մարտի 22-ին նա ասաց լրագրողների հետ զրույցում։

«Ակնկալիքներ չունենք, այդպիսի հանդիպումներ սկսած 1992թ–ից եղել են և շարունակվում են»,– ասաց նա։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղան վերադառնալու հնարավորությանը՝ Արայիկ Հարությունյանն ասաց՝ Արցախը պարտադիր պետք է մասնակցի բանակցություններին. «Նախկինում Արցախը չէր մասնակցում բանակցությունների գործընթացին, դրա համար հաջողություն չենք արձանագրել»։

Հարցին, թե նախկին երկու նախագահների օրոք Արցախը բարձրացրե՞լ  է բանակցություններին մասնակցելու հարցը, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Արցախի մասնակցության հարցը միշտ էլ բարձրացվել է. Արցախի իշխանությունները տասնյակ անգամ բարձրացրել են այդ հարցը»։