Մարտի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2019թ. անդրանիկ նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն նախորդ տարվա սկզբից մինչեւ օրս իրականացված հատուցումների եւ նվիրաբերությունների վերաբերյալ, ընդգծելով, որ այս պահի դրությամբ հիմնադրամում հավաքագրված գումարն արդեն հատել է 14 մլրդ., իսկ կատարված ընդհանուր հատուցումները՝ 941 մլն. դրամը:

Նիստի ընթացքում հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը միաձայն որոշում է կայացրել այն մասին, որ այս տարվա ապրիլի 1-ից հատուցումներ կտրամադրվեն նաեւ 2008-2014թթ. ընթացքում հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին կամ հաշմանդամություն ձեռք բերածներին:

Հիշեցնենք, որ 2018թ. օգոստոսի 9-ին հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել էր նաեւ 2015 եւ 2016 թվականներին տեղի ունեցած դեպքերի մասով ֆինանսական հատուցումներ տրամադրելու վերաբերյալ որոշումը: Ընդ որում, նիստին որոշում է կայացվել հաջորդ տարի քննարկել արդեն 2008 թվականից ավելի վաղ տեղի ունեցած դեպքերի փոխհատուցման հնարավորությունը:

Անդրադարձ կատարելով իրականացված աշխատանքներին եւ ֆինանսական միջոցների հավաքագրման ընթացակարգերին՝ խորհրդի անդամները նշել են, որ փաստացի նախորդ տարի հիմնադրամի ակտիվների կառավարումից գոյացած միջոցները գերազանցել են կատարված հատուցումների ծավալը, ինչը եւս մեկ անգամ վկայում է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեության բարձր արդյունավետությունը:

Ծրագիրը հաջողությամբ շարունակում է գործել հանրության առջեւ լիարժեք  հաշվետվության եւ բացառիկ թափանցիկության սկզբունքով: