Երեւան քաղաքը սեւագիր թուղթ չէ։ Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, Երեւանի ավագանու նիստին հայտարարեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը։

«Նախքան որեւէ փողոցի, հրապարակի, շենքի անուն փոխելը պետք է հանրային քննարկման դնել, հասկանալ՝ ինչ ենք ուզում մենք, հասկանանք՝ ինչի համար ենք անվանափոխում կամ եթե անվանափոխում ենք՝ ում համար ենք անվանափոխում կամ արժի ինչ–որ մեկի անվամբ անվանափոխել»,–նշեց նա։

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամին հակադարձեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը. «Բա մնացած հարցերը հանրության հետ խի չեք քննարկել՝ տոնածառ, օպերա։ Լեմկինը քննարկե՞լ էիք։ Եվրոպայի հրապարակը քննարկե՞լ էիք»։

«Շուտասելուկի մրցույթի չենք մասնակցում, եկեք հարգենք մեկս մյուսին»,–ասաց Հայկ Հովհաննիսյանը։

«Երբ դուք եք նախագիծ դնում շրջանառության մեջ, ասում եք «Ֆեյսբուքում» քննարկել ենք, այո, մի ամիս է Ռոդինան քննարկվել է «Ֆեյսբուքում» եւ չկա մի հոգի, որ դեմ լինի դրան»,–ասաց Անի Խաչատրյանը։

«Մեր խմբակցությունը կհրավիրի նիստ եւ հերթական նիստի ժամանակ նախագիծը կբերենք, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք»,–շեշտեց «Իմ քայլը» խմբակցության անդամը։

«Այսինքն փաստում եք, որ չեք միանում»,–նկատեց Անի Խաչատրյանը, որին Հայկ Հովհաննիսյանը արձագանքեց. «Իմ ասածից դա չճի հետեւում։ Էնպես չի, որ 15 րոպեում ձեր ասածը պետք է նստեինք փոխեինք, նույն հաջողությամբ Եվրոպական երկրներից մեկ ուրիշ քաղաքական գործիչ կարող էր գնալ Խոջալու, ասենք, Ֆրանսիայից, պետք է ասենք Ֆրանսիայի հրապարակը շուտափույթ պետք է փոխե՞նք»։

«Այո՛», - պատասխանեց Անի Խաչատրյանը։

«Ո՛չ», - հակադարձեց «Իմ քայլը» խմբակցության անդամը։

«Եկեք Ադրբեջան անվանենք Երեւանի մայրաքաղաքը», - ասաց ԱՆի Խաչատրյանը։

«Տիկին Խաչատրյան, տեղին չէր ձեր ռեպլիկը», - միջամտեց Հայկ Մարությանը՝ կոչ անելով հարգել միմյանց։

Երեւանի ավագանու նիստում «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը խոսելով փետվարի 26-ին Բաքվում կայացած երթից՝ առաջարկել էր անվանափոխել Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը. «Ի շարս ռուս խորհրդարանականների, Ադրբեջանին այս անգամ հաջողվել էր Բաքու տանել Ռուսաստանի Պետդումայի հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Իրինա Ռոդնինային։ 2015-ից Երեւանում գործում է Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոց, վերջին շաբաթների ընթացքում «Լույս» խմբակցությունով սերտորեն ներգրավված ենք եղել դպրոցը վերանվանելու շուրջ բանակություններում, որից հետո որոշեցինք, որ դպրոցը անվանենք Հայ-ռուսական գեղասահքի դպրոց», - նշել էր  «Լույս» խմբակցության անդամը։