ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը Հատուկ քննչական ծառայության հարցաքննության հրավերին ի պատասխան առաջարկել է իրեն հարցաքննել տեսակապի միջոցով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

«Միհրան Պողոսյանի տեսակապի միջոցով հարցաքննելու առաջարկը մերժվել է, քանի որ նման ընթացակարգ ՀՀ քրեական դատավարությամբ նախատեսված չէ: Վարույթն իրականացնող մարմինը Միհրան Պողոսյանին կրկին հրավիրել է հարցաքննության՝ առաջարկելով տեղեկացնել ՀՀ վերադառնալու ժամկետների մասին»,- հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղարը:

Հարցին՝ ի՞նչ կարգավիճակով է նա հրավիրվել ՀՔԾ, Մամուլի քարտուղարը նշեց, որ Միհրան Պողոսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի եւ հրավիրվել է վկայի կարգավիճակով։

Նշենք, որ Պողոսյանին վերագրվող օֆշորային հրապարակումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել 2016թ. մայիսին։ Նախկին պաշտոնյան մեղադրվում էր Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների միջոցով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու եւ պաշտոնը սեփական գործի զարգացման համար օգտագործելու համար ՝ թաքցնելով եկամուտները։

Սակայն 8 ամիս անց գործի վարույթը կարճվել էր ՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ 2019 թվականի հունվարին ՀՔԾ–ից հայտնել էին, որ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը վերաբացվել է: