Քաղաքապետարանի ավտոպարկը բավական օպտիմալ է բաշխված, մեքենաների կրճատման հեռանկարը շատ թույլ է: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարել է Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

Մասնավորապես, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նկատեց, որ 50 միլիոն դրամով ավելացել է «Երեւանտրանս» ՓԲԸ–ին տրվող գումարը. «Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ մեքենաների այն ծավալը, որ կա քաղաքապետարանում, ոչ միայն չի նախատեսվում կրճատել, այլ փոքր-ինչ ավելացվում է` հաշվի առնելով, որ դրանց պահպանման ծախսերն են ավելացել եւ արդյոք սա նշանակո՞ւմ է, որ դուք չեք պատրաստվում վերանայել ծառայողական ավտոմեքենաների քանակը քաղաքապետարանում»:

Ի պատասխան Հայկ Սարգսյանը նշեց, որ քաղաքապետարանի ավտոմեքենաների պարկը բավական օպտիմալ է բաշխված. «Ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրելով այս պարկի օգտագործումը եւ նպատակայնությունը՝ կարող ենք վստահեցնել, որ քաղաքապետարանում ավտոմեքենաների կրճատման հեռանկարը շատ թույլ է»:

Ի պատասխան Դավիթ Խաժակյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ նախկին քաղաքային իշխանությունները շոյված կլինեն փոխքաղաքապետի գնահատականից, որ շատ օպտիմալ է եղել մեքենաների բաշխումը: Նա նաեւ հիշեցրեց, որ 2017 թվականին երբ «Ելք» դաշինքով մասնակցում էին ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը խոսում էր ավտոմքենաների օպտիմալացման անհրաժեշտության մասին: