ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «ՀՀԿ-ի համար» աշխատած նախարարների ցանկը՝ վերնագրելով «ըստ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի»։

«ՀՀԿ-ի համար» աշխատած նախարարների ցանկը՝ ըստ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի՝

1. Զոհրաբ Մնացականյան ՀՀ արտաքին գործերի նախարար

2. Դավիթ Տոնոյան ՀՀ պաշտպանության նախարար

3. Տիգրան Խաչատրյան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

4. Ատոմ Ջանջուղազյան ՀՀ ֆինանսների նախարար

5. Ֆելիքս Ցոլակյան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

6. Էրիկ Գրիգորյան ՀՀ բնապահպանության նախարար

Հա, չմոռանամ ասել, որ Նիկոլ Փաշինյանն էլ ՀՀԿ-ի համար «ընդդիմություն է աշխատել», իսկ Գայանե Աբրահամյանը՝ «քաղ. հասարակություն»,- ասված է նրա գրառման մեջ։

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հարց է ուղղել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին, թե արդյոք նախարարը վստահ է, որ իր մամուլի քարտուղար Աննա Օհանյանը, որը «տարիներ շարունակ ծառայել է ՀՀԿ–ին, լինելով նաև ՀՀԿ անդամ, կարող է ազնվորեն և անկեղծորեն ներկայացնել այսօր կատարվող աշխատանքը»։ Ի պատասխան նախարարն ասել է․ «Աննա Օհանյանը ազնվաբար և անկեղծորեն անում է իր ուժերի սահմաններում ամեն ինչ, որպեսզի նախարարության աշխատանքը լինի պարզաբանված և լուսաբանված»։