Երկրով մեկ մի քանի քաղաքապետարաններից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիմանկարների բազմաթիվ գողություններ են գրանցվել վերջին մեկ ամսվա ընթացքում։ Ինչպես հայտնել է La Parisien թերթը, իրավապահներին չի հաջողվել հայտնաբերել գողացված իրերը։

Թերթի տեղեկատվությամբ, երիտասարդ մարդիկ, երբեմն դեղին լուսարձակող ժիլետներով, ազատ մտնում են վարչական շենքեր կամ ամուսնության սրահներ, որտեղից անարգել տանում են դիմանկարները։ Նրանց գործողություններից տուժել են Փարիզի քաղաքային մի քանի գրասենյակներ, ինչպես նաեւ Լիոնի, Բիարիցի, Յուստարիցի եւ այլ քաղաքապետարաններ։

Այս ակցիայի հետեւում կանգնած են բնապահպանական շարժումների ակտիվիստները, որոնք նման կերպ փորձում են ուշադրություն հրավիրել «կլիմայի փոփոխությունները կանխելու հարցում իշխանությունների անգործության վրա»։