Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մասնակցել է երկու ժամանակակից նկարիչների՝ իսպանացի Դոմինգո Սապատայի եւ Լոս անջելեսում ապրող ֆրանսիացի Թերի Գետայի (հայտնի է որպես Mr. Brainwash) կողմից միգրացիայի թեմային նվիրված նկարի ստեղծմանը։ Նրանք հյուրընկալվել են պոնտիֆիկի մոտ՝ հայտնում է ANSA-ն։

Նրանց աշխատանքը ստացել է El Inmigrante («Ներգաղթյալ») անվանումը։ Նկարի վրա Սապատան իսպաներեն գրել է՝ «Ես մարդ եմ», իսկ Mr. Brainwash-ը կարմիր ներկով սիրտ է նկարել եւ գրել․ «Կյանքը հրաշալի է»։ Պապը խաչ եւ կանաչ թռչուն է ավելացրել։

Այս միջոցառումն անցկացվել է Հռոմի պապի Scholas Occurrentes հիմնադրամի բարեգործական ակցիայի շրջանակներում։ Այդ միջազգային կազմակերպությունը ստեղծվել է Ֆրանցիսկոսի նախաձեռնությամբ, 2013 թվականին։ Այն ներկայացված է 190 երկրներում եւ միավորում է ողջ աշխարհի աշակերտներին եւ ուսանողներին։ Հիմնադրամի նպատակը մշակույթի, խաղաղության, համընդհանուր արժեքների առաջ մղումն է։ Դրանում ներառված են ինչպես կրոնական , այնպես էլ աշխարհիկ դպրոցներ եւ ուսումնական հաստատություններ։

Նախօրեին Պապն այցելել էր Հռոմում հիմնադրամի ներկայացուցչություններից մեկը՝ հայտնում է Սուրբ գահի մամուլի ծառայությունը։