Չինաստանի իշխանությունները քիմիական գործարանում հզոր պայթյունից հետո երեք գետ են փակել, որպեսզի թույլ չտան կեղտաջրերի հոսքը Դեղին ծով՝ տեղեկացրել է երկրի բնապահպանության նախարարությունը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Միջադեպից հետո բնապահպանության նախարարությունը սկսել է արձագանքման արտակարգ մեխանիզմի գործարկումը եւ դեպքի վայր է ուղարկել 11 աշխատանքային խումբ՝ փոխնախարարի գլխավորությամբ։

Ուսումնասիրելով տեղանքը՝ աշխատանքային խումբը եզրակացրել է, որ այն ընդամենը երկու կիլոմետր է հեռու Գուանխե գետի գետաբերանից, որտեղ այն թափվում է Դեղին ծովը։

Աշխատանքային խումբը որոշել է փակել ճանապարհը, որով Գուանխե գետն են թափվում արդյունաբերական տարածքում գտնվող Սինմինխե, Սինֆենխե եւ Սինունխե գետերը՝ ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ արագ կառուցվել է ջրամբար եւ արդյունաբերական տարածքի ներսում ջրահեռացում է սկսվել։ Հայտնում են, որ ինժեներական աշխատանքները համարյա ավարտված են։

Պայթյունը տեղի է ունեցել «Ցյանսու Տյանցզյաի» քիմիական գործարանում, որը «Չենցզյագան» արդյունաբերական այգու տարածքում է։ Պայթյունն այնքան հզոր է եղել, որ չինական սեյսմիկ գործակալությունը 2,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել։

Վերջին տվյալներով, միջադեպի հետեւանքով զոհվել է 62 մարդ, 640 մարդ բժշկական օգնության է դիմել, նրանցից 90-ը՝ ծանր վնասվածքներով։