Փոլ Մաքքարթնիի դպրոցական տետրը, որի լուսանցքներում ուսուցչի կարմիր մատիտով քննադատական նշումներ են եւ կազմի դարձերեսին ծխողի պատկերով նկար, Անգլիայում 10 000 ֆունտ սթեռլինգով (ավելի քան 13 000 դոլար) աճուրդի է հանվել։ Այս մասին հայտնել է Omega Auctions աճուրդի տան ներկայացուցիչը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

The Beatles-ի անդամի 22 էջանոց տետրում Մաքքարթնիի 5 էսսեներն են, որոնց թվում են անգլիացի գրող Թոմաս Հարդիի (1840-1928) «Վերադարձ հայրենիք» եւ անգլիացի բանաստեղծ, քաղաքական գործիչ Ջոն Միլթոնի «Կորսված դրախտ» ստեղծագործությունների վերաբերյալ էսսեները։

Գրականության ուսուցիչ Ալան Դուրբանի նշումներն ուղեկցում են բոլոր հինգ շարադրությունները։ «Սկզբում պետք է պատասխանել հարցին, նախքան այն վիճարկելը»,- ասվում է նշումներից մեկում։

Տետրը վաճառքի է հանել լիվերպուլյան մի ընտանիք, որը ցանկացել է իր անունը գաղտնի պահել։ Նրանք ասել են, թե տետրը գտնվում է իրենց տանը այնքան, «որքան իրենք իրենց հիշում են»՝ գրում է Daily Mail-ը։

Աճուրդի լոտերի թվում են մեկ այլ «բիթլի»՝ Ջորջ Հարիսոնի կոմպոզիցիաների սկավառակը, որի նախնական արժեքը 3000 ֆունտ է, Ջոն Լենոնի ակնոցի ոսկե շրջանակը, ինչպես նաեւ The Beatles-ի պաստառը, որը անցյալ տարի ձեռք է բերվել 7 դոլարով։ Ակնկալվում է, որ այն կվաճառվի 12 000 ֆունտով։ Աճուրդը կկայանա մարտի 26-ին՝ Անգլիայի արեւմտյան Նյուտոն Լե Ուիլոու քաղաքում։