ՄԱԿ-ը չի փոխել Գոլանի բարձունքների կարգավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումը՝ հայտնել է միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Իրավիճակը որոշակիորեն արտացոլված է ՄԱԿ ԱԽ բանաձեւում եւ Գլխավոր ասամբլեայի համապատասխան բանաձեւում՝ Գոլանի բարձունքների կարգավիճակը չի փոխվել»,- ասել է նա։

Նախօրեին Դոնալդ Թրամփն ասել էր, որ Միացյալ Նահանգների համար եկել է Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնավարությունը ճանաչելու ժամանակը, ինչը «ծայրահեղ կարեւոր ռազմավարական նշանակություն ունի Իսրայելի պետության անվտանգության եւ տարածաշրջանային կայունության համար»։

Հիշեցնենք, որ 1967թ․ Վեցօրյա պատերազմի ընթացքում Իսրայելը Սիրիայից գրավել եւ օկուպացրել էր Գոլանի բարձունքները, իսկ 1981թ․ միակողմանի այն անեքսիայի էր ենթարկել։

Գոլանի բարձունքները վիճահարույց տարածք է Մերձավոր Արեւելքում։ Դրա մեծ մասը ներկայում վերահսկվում է Իսրայելի կողմից, իսկ արեւելյան մասը՝ Սիրիայի կողմից։ Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մի մասը։