Անտառային 190 շենքի բնակիչները կտրականապես դեմ են բակը երթևեկելի փողոց դարձնելուն։ Այս խնդրով ֆեյսբուքյան գրառում է արել Անտառային 190 շենքի բնակիչ` Դավիթ Հակոբջանյանը՝ դիմելով ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին։

«Շատ վրդովված եմ վերոհիշյալ հասցեի շենքի բակը երթևեկելի դարձնելու որոշմամբ: Պետք չէ ժողովրդին թյուրիմացության մեջ գցել` ասելով թե, այս փողոցն եղել է Լեռ Կամսար և Բաղրամյան փողոցներն իրար կապող միջանցիկ փողոց, որը հետագայում փակվել է: Պետք չէ ասել, որ Բաղրամյան պողոտան ծանրաբեռնվել է այս փողոցի փակ լինելու պատճառով: Պետք չէ ժողովրդի մեջ թյուր ինֆորմացիա տարածել:

Այս ամենը հիմա ներկայացվում է այնպես, իբր նախկին իշխանություններն էին փակել այդ փողոցը` արգելապատնեշ տեղադրելով, և դուք` ձեր իշխանությունը, վերաբացեց այն: Նախապես ուզում եմ նշել, որ ես նախկին իշխանությունների կողմնակիցը չեմ, բայց պետք չէ նրանց քարկոծելով սեփական անձը գովաբանել:

Շենքը կառուցվել է 1982 թվականին, իսկ այդ ավտոկայանատեղին` շատ ավելի վաղ: Վերջինս մշտապես փակ եղել երթևեկության համար` թե սովետական իշխանության տարիներին և թե դրանից հետո:

Իմ համար այդքան էլ պարզ չէ, թե դուք ում հորդորներին եք ընդառաջ գնացել և ում նկատի ունեք «տեղի բնակիչ» ասելով: Տեղի բնակիչներն առաջին հերթին Անտառային 190 շենքի բնակիչներն են, որոնք կտրականապես դեմ են բակը երթևեկելի փողոց դարձնելուն: Մեր կարծիքը ոչ ոք չի հարցրել, ոչ ոք հաշվի չի առել, որ այս տարածքը նախատեսված չէ երթևեկության համար:

Խնդրում, հորդորում և պահանջում ենք ձեզնից` վերանայել այս որոշումը և կրկին փակել բակի տարածքով երթևեկությունը»,- ասված է նրա գրառման մեջ:

Բնակիչը նաեւ կից հրապարակել է բակի ներկայիս և հնում արված լուսանկարները՝ ցույց տալու համար, որ թեև արգելափակոցներ չկան, սակայն նշաններով երթևեկությունն արգելվում է: