Թեեւ ջերմաստիճանը նվազելու է, սակայն հիդրոմետ ծառայությունը բացասական ջերմաստիճան չի կանխատեսել, կարծում եմ որեւէ խնդիր չենք ունենա: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, հավելելով, որ  անգամ ջերմաստիճանի նվազումը կարող է հօգուտ գյուղատնտեսության լինել. ծառերի ծաղկումը կուշանա, որը լավ երաշխիք է կորուստներից խուսափելու համար։

«Ուժեղ քամիներ են կանխատեսվել, որոնք ցանկալի չեն. դեռ ծառերի տերեւային համակարգը ձեւավորված չէ, հնարավոր է ճյուղեր կոտրվեն»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է ջերմոցային տնտեսություններին, ապա գյուղնատնտեսության փոխնախարարը նշեց, որ ելակ ու վաղահաս կարտոֆիլ է մշակվում, պետք է ամուր փակեն սինթետիկ թաղանթները, որպեսզի քամին չկարողանա վնասել, ջերմոցների ջեռուցումը դեռեւս շարունակվում է. «Հիշում եք, թե ինչպես մարտի սկզբին ուժեղ քամու հետեւանքով ջերմոցներ վնասվեցին»։

«Պառավի ուլերին դեռ ժամանակ ունենք, որպես կանոն այն ընկնում է ապրիլի սկզբին։ Իսկ ընդհանրապես գյուղատնտեսության համար վտանգավոր սեզոնը կտեւի մեկ ամիս։ Այնպես որ կանխատեսվող արկտիկական սառը հոսանքներից էական խնդիր գյուղատնետսությունը չի ունենա»,– ամփոփեց Գառնիկ Պետրոսյանը։

Նշենք, որ Հայպետհիդրոմետը կանխատեսել է, որ առաջիկա օրերին՝ մարտի 24-26-ին Հայաստանը գտնվելու է ցուրտ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում, շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային գոտիներում ձյան, հովտային գոտում անձրեւի տեսքով։

Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժման հետ պայմանավորված օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով։ Սպասվում է քամու ուժգնացում։