Քանի որ Վիրահայոց թեմից հոգեւորականների մուտքը Աբխազիա հղի է վտանգներով, ուստի Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը որոշել է, որ  Աբխազիայի հայության հոգեւոր կարիքները ժամանակավորապես հոգան ՀԱԵ Հարավային Ռուսաստանի թեմի հոգեւորականները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատուրյանը՝ մեկնաբանելով ՀՀ կատարած պաշտոնական այցի ժամանակ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դժգոհությունն առ այն, որ Աբխազիայի հայկական եկեղեցիները ՀԱԵ Հարավային Ռուսաստանի թեմում են ընդգրկված։

«Աբխազիայում գտնվող եկեղեցիները համարվում են Վիրահայոց թեմի հոգեւոր կանոնական տարածք։ Աբխազիայում կառուցված եւ գործող եկեղեցին պատկանում է Աբխազիայի հայ եկեղեցական համայնքին, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վիրահայոց թեմից հոգեւորականների մուտքը Աբխազիա հղի է վտանգներով, ուստի Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը որոշել է, որ ժամանակավորապես Աբխազիայի հայության հոգեւոր կարիքները հոգա ՀԱԵ Հարավային Ռուսաստանի թեմի հոգեւորականները, ովքեր հերթականությամբ այցելում են Աբխազիայի հայկական համայնքներ եւ տեղում իրականացնում են հոգեւոր ծիսական արարողություններ»,–նշեց նա։ 

Վիրահայոց թեմի մամուլի քարտուղարը պարզաբանեց՝ երբ Աբխազիայի հակամարտությունը կստանա վերջնական եւ խաղաղ լուծում, այնտեղի համայնքի հոգեւոր կարիքները կրկին կհոգան Վիրահայոց թեմի հոգեւորականները. «Քանի դեռ Աբխազիայի հարցը գտնվում է խաղաղ լուծման բանակցությունների մեջ, երբ կստանա խաղաղ եւ վերջնական լուծում, Վիրահայոց թեմի հոգեւորականները կսպասարկեն Աբխազիայի հայությանը»։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ՀՀ կատարած պաշտոնական այցի ժամանակ իր դժգոհությունն է հայտնել առ այն, որ Աբխազիայի հայկական եկեղեցիները ՀԱԵ Հարավային Ռուսաստանի թեմում են ընդգրկված, հայտնում է «Վզգլյադը» Վրաստանի նախագահի աշխատակազմի վրա հղումով:

Այս հարցին Սալոմե Զուրաբիշվիլին «շատ կոշտ է անդրադարձել» ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Զուրաբյանի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպումներում:

Նշվում է, որ «Աբխազիայի հայկական եկեղեցիների վերաենթարկումը վրացական կողմն ընկալում է «որպես ՀԱԵ կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության խախտում»:

Վրաստանի նախագահը «պահանջել է կաթողիկոսից փոխել այդ որոշումը, որպեսզի Աբխազիայի հայկական եկեղեցիները վերադառնան ՀԱԵ Վիրահայոց թեմի ենթակայությանը, «ինչպես դա եղել է պատմականորեն», կամ ենթարկել անմիջապես Գարեգին Բ-ին: Կողմերը համաձայնվել են գտնել հարցի ընդունելի լուծումը: