«Սյունիք» ջրօգտագործողների ընկերության աշխատակիցները 8–9 ամիս աշխատավարձ չեն ստացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Սյունիք» ՋՕԸ–ի տեղամասային հաշվետար Արտակ Տոռոզյանը:

Նրա խոսքով, «Սյունիք» ջրօգտագործողների ընկերությունը սպասարկում է 1510 հեկտար հողատարածություն, այն ունի մոտ վեց հազար բաժանորդ, ոռոգման ջուր է ստանում մարզի 48 բնակավայր: Ջուր օգտագործող ընկերությունները՝  ՋՕԸ–երը, խոշորացվել են եւ մարզում միավորվել են Գորիսի, Սիսիանի, Մեղրիի ՋՕԸ–երը մեկ ՋՕԸ–ում՝ Սյունիք ՋՕԸ:

Արտակ Տոռոզյանը կարծիք հայտնեց, որ աշխատավարձերի չվճարման հիմնական պատճառներից մեկը հենց ՋՕԸ–երի միավորումն է, քանի որ միավորման դեպքում նույն գործն են անում. ջուրը վերցնում են եւ տալիս գյուղացուն, ոռոգման ջրի վարձավճարների հետ կապված գրեթե նույն  վիճակն է՝ մոտ 60 տոկոս։

Նա նշեց, որ մինչեւ ՋՕԸ–երի միավորումն այս կարգի ֆինանսական վատ վիճակ չէր։

Իսկ թե ինչո՞ւ է ուշանում աշխատավարձերը, նա փոխանցեց ղեկավարության պատասխանը՝ ոչ բավարար ֆինանսական միջոցներ։

Իր հերթին «Սյունիք» ՋՕԸ–ի ղեկավար Սահակ Համբարձումյանը  NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ ՋՕԸ–ի ֆինանսական վիճակ նորմալ չի եղել, աշխատավարձ չեն ստացել. Խնդիրներ կան, որոնք չեն կարողացել կարգավորել, խնդիրներից մեկը վարձավճարների հավաքագրումն է. «Մեկ ամսվա աշխատավարձ տվել ենք, շուտով 2–3–ն էլ կտանք: Միանշանակ ասել, որ ֆինանսական խնդիրների պատճառը միավորումն է, ճիշտ չէ։ Փորձում ենք ամեն ինչ անել, որ այս վիճակից դուրս գանք»։

Նշենք, որ «Սյունիք» ՋՕԸ–ն մոտ 50 մլն դրամի աշխատավարձի պարտք ունի։