Արցախի անկախ պետականությունն այլընտրանք չունի։ Այս մասին Facebook-ի եթերում հայտարարել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավաի տեղակալ, աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը։

Նա հիշեցրել է, որ ժամանակին, արցախյան ազատագրական շարժման բուռն շրջանում, Հայաստանին Ղարաբաղի միանալու պահանջը ծնեց նոր քաղաքականություն։ «Իհարկե, մենք չհրաժարվեցինք միավորման գաղափարից, սակայն գոյություն ունեցող իրողությունները թույլ չտվեցին մեզ անկեղծ զգացմունքները կյանքի կոչել, եւ այլընտրանքը դարձավ անկախ պետության ձեւավորումը։ Եթե այն ժամանակ շեշտը դրվեր վերամիավորման վրա, ազգային-ազատագրական պայքարը կվերածվեր տարածքային վեճի»,- նշել է Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքերով, մեր իրավիճակում հատկանշականն այն է, որ մենք ազատ անկախ հայրենիք ունենք՝ երկու միջնաբերդով՝ Հայաստանն ու Արցախը։ Այս տարբերակը թույլ է տալիս գեոպոլիտիկ շահերի բախման ծանրագույն պայմաններում առավելագույնս պաշտպանել ազգային շահերը։ Հայաստանը եւ Արցախը օրգանապես կապված են, սակայն նրանք մի հայրենիքի միջնաբերդեր են՝ ընդգծել է Բաբայանը։

«Ի՞նչ պետք է արվի։ Այս հարցը միշտ քննարկվել է եւ վերջին ժամանակներս ավելի ակտիվորեն է քննարկվում։ Իմ խորը համոզմամբ, ամեն ինչ պարզ է։ Անցյալին վերադարձ չի կարող լինել։ Անկախ պետականությանն այլընտրանք չկա։ Վերջնական նպատակը հայկական միասնական պետականությունն է, սակայն դեպի այնտեղ ճանապարհը երկու նշված միջնաբերդերի ուժեղացման մեջ է։ Չի կարելի փոխել Արցախի անկախ պետականությունը, այդ թվում՝ որեւէ մեկի հովանավորությամբ։ Դա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների, մեր մտադրությունների հանդեպ կասկածների»,- նախազգուշացրել է Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ չի կարելի Արցախը կտրել մայր-Հայաստանից, սակայն չի կարելի նաեւ կասկածի տակ դնել նրա կարգավիճակը, նրա անկախությունը։