Իսլանդիայի հարավում գտնվող Fjaðrargljufur կիրճը, որը հայտնի է դարձել ամերիկացի փոփ-աստղ Ջասթին Բիբերի այնտեղ նկարահանված հոլովակից հետո, մինչեւ հունիսի 1-ը կփակեն զբոսաշրջիկների չափազանց շատ այցերի պատճառով՝ հայտնում է Iceland Review-ն։

Առաջին անգամ չէ, որ կիրճը հասցված վնասների պատճառով փակվում է այցելուների համար։ Իսլանդիայի շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը հայտնել է, որ այն կարող է ավելի շուտ բացվել, եթե բնությունը վերականգնվի, կամ՝ ավելի ուշ, եթե դրա անհրաժեշտությունը լինի։

Զբոսաշրջության ազգային Visit Iceland գործակալության տնօրեն Ինգա Պալսդոտիրի խոսքերով, կիրճը բնության հրաշք է համարվում, եւ նրան հոգատար վերաբերմունք է անհրաժեշտ։ «Ոչ միայն զբոսաշրջիկները, այլեւ գարնան հալոցքն է ազդում Fjaðrargljufur-ի վրա։ Որպեսզի ստիպված չլինենք անընդհատ փակել կիրճը, անհրաժեշտ է զբոսաշրջիկների համար ենթակառուցվածք ստեղծել, ոչ թե թույլ տալ նրանց զբոսնել որտեղ ուզում են»,- ասել է գործակալության տնօրենը։

Fjaðrargljufur կիրճը հայտնի է դարձրել Ջասթին Բիբերը՝ 2015թ․ այնտեղ նկարահանելով իր I'll Show You երգի հոլովակը։ YouTube-ում տեսանյութի հայտնվելուց հետո բնության այս տեսարժան վայր այցելող զբոսաշրջիկների թիվը երկու անգամ շատացել է։