Հայկական ծագումով ավստրալացի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի առաջին ընտրված կին վարչապետը:

Դեռ հայտնի չէ՝ կարող է արդյոք Բերեջիկլյանը ձեւավորել մեծամասնության կառավարությունը, հաղորդում է Ավստրալիայի Հայկական ազգային հանձնաժողովը:

Իր ելույթում Բերեջիկլյանն իր երախտիքն է հայտնել շատերին, սակայն հատկապես նշել է Նոր Հարավային Ուելսի ժողովրդին. «Անկախ ձեր ծագումից կամ բնակության վայրից, դուք կարող եք լինել Նոր Հարավային Ուելսի վարչապետը, նահանգի, որտեղ երկար ազգանուն ունեցող կինը կարող է դառնալ վարչապետ»:

Ինչպես նշել է Ավստրալիայի ՀԱՀ-ի գործադիր տնօրեն Հայկ Քայսերյանը, այդ օրը պատմական օր է Ավստրալիայի եւ ամբողջ աշխարհի հայ համայնքի համար, «քանի որ տիկին Բերեջիկլյանը համաշխարհային քաղաքականության մեջ ամենաազդեցիկ հայ կինն է, եւ այս անգամ նա ընտրվել է որպես կառավարության պարագլուխ, որը ղեկավարում է 7 մլն բնակչություն ունեցող նահանգը, որն, իր հերթին, Մեծ քսանյակի անդամ երկրների ամենամեծ նահանգն է»:

Բերեջիկլյանը ստանձնել է Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնը 2017 թվականի հունվարին՝ Մայք Բեյրդի հրաժարականից հետո: