Վենտաա քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Տիմո Սոյնին ու «Կապույտ ապագա» կուսակցության առաջնորդներից մեկը ենթարկվել են հարձակման երիտասարդ տղամարդու կողմից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Helsingin Sanomat թերթին:

Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրությունները անցկացվելու են ապրիլի 14-ին:

«Արտաքին գործերի նախարար Տիմո Սոյնին ենթարկվել է հարձակման Վենտաա քաղաքում: Քաղաքացիների հետ նախընտրական հանդիպման ժամանակ երիտասարդ տղամարդը փորձել է մոտենալ նախարարին, սակայն անվտանգության աշխատակիցները կանգնեցրել են նրան»,-ասվում է գրառման մեջ:

Միջադեպի ականատեսների խոսքերով՝ հարձակվողը հասցրել էր շշով հարվածել անվտանգության աշխատակիցներից մեկի գլխին:

«Սոյնին ասել է ներկաներին, որ այդ մարդը փորձում էր հարձակվել նրա վրա, իսկ անվտանգության պահապանները բերման են ենթարկել նրան: Միջադեպից հետո Սոյնին շարունակել է հանդիպումը քաղաքացիների հետ՝ օրակարգի համաձայն»,-գրում է պարբերականը: