Նորվեգիայի ափերի մոտ շարունակվում են Թրոմսյոյից Սթավանգեր ուղեւորվող Viking Sky կրուիզային նավի ուղեւորների փրկարարական աշխատանքները, հաղորդում է «Նաստոյաշեե վրեմյա»-ն:

Շաբաթ երեկոյան Նորվեգիայի հյուսիսային ափի մոտ փոթորկի ժամանակ անջատվել էին նավի շարժիչները: Այն կորցրել էր կառավարումը, եւ նավը սկսել էր գնալ դեպի ժայռոտ ափը. թիմը աղետի ազդանշան էր տվել:

Նավի վրա գտնվում էր 1373 մարդ. 915 ուղեւոր՝ հիմնականում զբոսաշրջիկներ ԱՄՆ-ից եւ Կանադայից, եւ անձնակազմի ավելի քան 450 անդամներ:  Անձնակազմը հավաքել էր ուղեւորներին կինոթատրոնի սրահում եւ տրամադրել նրանց փրկարարական բաճկոններ, այնուհետեւ ամբողջ գիշեր մարդիկ տարհանվել են ուղղաթիռների միջոցով: Առավոտյան փրկարարական միջոցառումներին միացել են եւս մի քանի փոքր նավեր:

Ըստ վերջին տվյալների՝ ավելի քան 1300 մարդու հաջողվել է տեղափոխել ափ, որտեղ նրանց օգնել են նորվեգակակն Կարմիր Խաչի աշխատակիցները: Նրանք հայտնել են, որ մի քանի ուղեւեորներ ստացել են կոտրվածքներ եւ տարբեր աստիճանի վնասվածքներ:

Տարհանված մարդիկ գտնվում են Մելդեի եւ Քրիստաբսունի հյուրանոցներում, սակայն ուղեւորների մի մասը դեռ կրուզային նավի վրա է: Viking Sky-ի սեփականատերերը խոստացել են, որ բոլոր ուղեւորները կստանան անհրաժեշտ օգնություն եւ կմեկնեն տուն:

Համացանցում տարածվել է նավի տեսանյութը:

Դրանում երեւում է՝ որքան ուժեղ է նավը ճոճվում, ինչի հետեւանքով քանդվում է առաստաղը:

Կիրակի առավոտյան փոթորիկը մի փոքր հանդարտվել էր. քամու արագությունը նվազել էր 24 մ/վ-ից մինչեւ 14 մ/վ, իսկ կրուիզային նավի երեք շարժիչները հաջողվել էր աշխատացնել: Viking Sky-ին են մոտեցել նաեւ մի քանի բուքսիրներ, որոնք օգնությամբ այժմ նավը փորձում են տանել դեպի Մելդե՝ մոտակա նորվեգական նավահանգիստ: