Կիրակի Իրաքի խորհրդարանն աշխատանքից հեռացրել է Նինեւիայի նահանգապետ Նոֆել Աքուբին հինգշաբթի Տիգրիս գետի վրա լաստանավի ողբերգական կործանման հետեւանքով, որը խլել էր 100 մարդու կյանք, հաղորդում է AFP-ը:

Նշվում է, որ ողբերգությունը զայրույթի բուռն ալիք էր բարձրացրել հասարակության շրջանում: Հիմնականում աղետի զոհերը կանայք եւ երեխաներ էին, որոնք նշում էին Մայրության օրը Նովրուզի ժամանակ:

Երկրի վարչապետ Ադել Աբդել Մահդին գրավոր ուղերձ էր հղել խորհրդարանին, որում կոչ էր արել խորհրդարանականներին աշխատանքից ազատել նահանգապետին «անփութության եւ կոնկրետ թերացումների պատճառով»:

Խորհրդարանը հռչակել է զոհերին որպես նահատակներ՝ հատկացնելով նրանց ընտանիքներին ֆինանսական փոխհատուցում եւ ցուցաբերելով աջակցություն դատարանում հայց ներկայացնելու պարագայում:

Ինչպես հաղորդում է գործակալությունը, լաստանավի կործանման հետաքննության շրջանակներում ձերբակալվել է 16 մարդ: Հաղորդվում է նաեւ, որ նավի եւս 63 ուղեւորներ համարվում են անհայտ կորած:

Այսօր՝ կիրակի, ի հիշատակ տեղի ունեցածի՝ սեւ հանդերձանքով տասնյակ ուսանողներ լուռ միջոցառում են անցկացրել Մոսուլա ուսանողական քաղաքում: