Այսօր՝ մարտի 24–ին, «կրծքավանդակի ձախ կեսում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։

Տուժածները են՝ Երևանի բնակիչներ Ռազմիկ Ղազարյանը, Վահագն Մալխասյանը և Գարուշ Ղազարյանը:

Աղբյուրի տեղեկացմամբ, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար։ Հիվանդանոց ժամանած ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողները պարզում են, թե որտեղ են երիտասարդները դանակահարվել։

Ըստ աղբյուրի՝ մինչ բժիշկները պայքարում էին դանակահարված երիտասարդների կյանքի համար, Նոր-Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցից նշված կենտրոն են տեղափոխվել Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչներ Արսեն Գևորգյանը, Արթուր Մանուկյանը և Սարգիս Ղազարյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք դանակահարվածների հարազատներն են, տան պատուհանից տեսել են, որ վիճաբանություն է տեղի ունեցել, իջել են բակ, որպեսզի պարզեն եղելությունը, այդ ժամանակ դանակահարողներից մեկը ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նրանց: