ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատներին չեն բավարարել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության հիմնական եզրահանգումները, որն իր ամփոփիչ զեկույցում հաստատել էր Մոսկվայի եւ Թրամփի ընտրական շտաբի միջեւ գործարքի բացակայությունը 2016 թվականի ընտրարշավի ընթացքում եւ մտադիր են պահանջել փաստաթղթի լրիվ տեքստի հրապարակում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով CNN-ին։

Հեռուստաալիքը հիշեցրել է, որ դեմոկրատները գրեթե երկու տարի հայտարարում էին, որ նման դավադրության ապացույցներն ուր որ է կհայտնվեն, իսկ արդյունքում հատուկ դատախազի զեկույցում դրանք չկան։

CNN-ի կարծիքով՝ այս պայմաններում Կոնգրեսի դեմոկրատները պահանջելու են զեկույցի լրիվ տեքստի հրապարակում՝ ասելով, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը թաքցնելու բան չունի, եթե նման դավադրություն չի եղել։

Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը, որը միաժամանակ կատարում է գլխավոր դատախազության գործառույթ, ներկայացրել էր զեկույց ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության արդյունքների վերաբերյալ։ Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է Մոսկվայի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի միջեւ դավադրության բացակայության մասին։ Միեւնույն ժամանակ, զեկույցում կա պնդում, որ Ռուսաստանը փորձել է ազդել ընտրությունների վրա «Ինտերնետ հետազոտությունների գործակալության»  եւ հաքերային գրոհների միջոցով։

ԱՄՆ հատուկ ծառայությունները Ռուսաստանին վերագրում են միջամտություն 2016-ի ամերիկյան ընտրական գործընթացին։ Այդ իբր տեղի ունեցած ազդեցության փորձերի հետաքննությամբ 2017 թվականի մայիսից զբաղվում էր ՀԴԲ նախկին տնօրեն Մյուլլերը։ Թրամփը եւ նրա օգնականները քանիցս հերքել են կասկածները Ռուսաստանի պաշտոնական անձանց հետ ընտրարշավի ժամանակ որեւէ անիրավաչափ շփումների վերաբերյալ։ Մոսկվան նույնպես բազմաթիվ անգամներ հերքել է  ԱՄՆ ընտրությունների ընթացքի վրա ազդելու փորձերի մասին պնդումները։