Մեծ Բարիերային խութի մոտ, Քվինսլենդ նահանգի ծովափից 50 կմ հեռավորության վրա, որը գտնվում է Ավստրալիայի հյուսիս-արեւելքում, շնաձուկը հարձակվել է 20-ամյա երիտասարդի վրա։ Ինչպես տեղեկացնում է SBS հեռուստաալիքը, գիշատչի հարձակումից հետո տուժածին ուղղաթիռով հասցրել են Մակքայ քաղաքի հոսպիտալ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Տղամարդը, որը լողում էր  սուզորդների սիրած Հարդի խութի մոտ, որը մտնում է Մեծ Բարիերային խութի շղթայի մեջ, հարձակման է ենթարկվել շնաձկան կողմից սուզվելու պահին։ Փրկարարները եւ բժիշկները ստիպված էին հարձակման վայր հասնել ուղղաթիռով եւ տուժածին բարձրացնել ճոպանի օգնությամբ։ «Շտապօգնության բուժակը եւ փրկարարը տղամարդուն բարձրացրին ուղղաթիռ ճոպանի օգնությամբ, եւ նա տեղափոխվեց Մակքայի հոսպիտալ կայուն վիճակում»,- նշված է Քվինսլենդ նահանգի փրկարարների հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ծառայության Թվիթերի էջում։ Նրանց տվյալներով՝ տուժածի կյանքին վտանգ չի սպառնում։

Վերջին վեց ամիսներին Ուիթսանդեյս արշիպելագի տարածքը բազմից դարձել է մարդու վրա շնաձկների հարձակման վայր։ Անցած տարվա սեպտեմբերին գիշատիչները հարձակվել էին մի կնոջ եւ երեխայի վրա Սիդ նավահանգստի մոտ, իսկ 2018 թվականի նոյեմբերին այստեղ զոհվել է 33-ամյա Դենիել Քրիստիդիսը, որի վրա շնաձուկը հարձակվել էր նավակով զբոսնելիս։ Այս տարվա հունվարին փրկարարները օգնություն են ցուցաբերել երկու հանգստացողի՝ 60-ամյա մի կնոջ եւ 12-ամյա աղջկա, որոնց վրա հարձակվել էին վագրանման շնաձկներ։