Եթե մինչեւ 2014 թվականը Հայաստանում ստեղծվել է 16 ՏՏ ընկերություն, ապա դրանից հետո դրանց թիվը զգալիորեն ավելացել է։ Այս մասին մարտի 25-ին խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի, ինչպես նաեւ Հարկային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին քննարկման ժամանակ ասել է Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գեղամ Վարդանյանը։

Նրա խոսքով՝ 2015 թվականին 59 ՏՏ ընկերություն ստացել է հարկային արտոնությունների վկայականներ, 2016-ին՝ 98, 2017-ին՝ 272։ «Նոր ստեղծված ընկերությունները բացել են մոտ 2400 նոր աշխատատեղ, միջին աշխատավարձը կազմում է 3,0-3,4 մլն դրամ տարեկան»,- ասել է Վարդանյանը։

Վերջում խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծերի փաթեթին։ Քվեարկության ժամանակ նրա անդամներից ձեռնպահ է մնացել միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։