ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են թմրամիջոց ապօրինի իրացնելուն օժանդակելու, ինչպես նաեւ առանց իրացման նպատակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու եւ պահելու դեպքեր, դրանց կատարման հանգամանքները եւ մեխանիզմը. մեղադրանք է առաջադրվել 27-ամյա տղամարդուն:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2018 թվականի հունիսի 13-ին Երեւան քաղաքի բնակիչը՝ ծնված 1991 թվականին,  հեռախոսազանգի միջոցով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող իր` 1985թ. ծնված ծանոթին հայտնել է վերջինիցս MDMB (N)-2201 կրճատ անվանմամբ թմրամիջոց ձեռք բերելու ցանկության մասին եւ առաջարկել իր օգնությունը` նրա կողմից այլ անձանց թմրամիջոցների ապօրինի իրացմանն օժանդակելու գործում:

Այդ նպատակով 2018 թվականի հունիսի 13-ին 2 փաթեթ MDMB (N)-2201 կրճատ անվանմամբ թմրամիջոցի համար պահանջվող գումարը վճարային տերմինալով փոխանցել է իրեն տրված հաշվեհամարին, այնուհետեւ՝ տեղեկացել Երեւան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի շենքերից մեկի մոտից թմրամիջոցի վերցնելու մասին:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երեւան քաղաքի 27-ամյա հիշյալ բնակիչն օժանդակել է թմրամիջոցի մի մասն ապօրինի՝ 4 պատվիրատուներին իրացնելուն, իսկ մյուս մասը՝ պահել իր անձնական օգտագործման համար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 27-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: