Մենք այսօր ունենք մոտ 51 հազար ՀԴՄ, որից 13 հազարը հին սերնդի ՀԴՄ-ներ են, բայց այս թվերը օր օրի փոխվում են: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընտանիքի հետ կապված «Զիգզագ» ընկերությունը եւս ՀԴՄ չի տալիս գնորդներին, ինչի համար ՊԵԿ-ի կողմից տուգանվել է, Դավիթ Անանյանն ասաց. «Ես հասկանում եմ ձեր մասնագիտական ձգտումը՝ ամեն ինչի մեջ սենսացիա տեսնել: Չկա նման սենսացիա: «Զինգզագը» ունի օրինապահ հարկ վճարողի վարքագիծ: Տարբեր քննարկումների ժամանակ «Զիգզագի» ներկայացուցիչների հետ անմիջական շփումներում մենք գիտենք, որ նաեւ «Զիգզագի» ղեկավարությունն իր աշխատկազմին ՀԴՄ-ի տրամադրման պահանջ է ներկայացրել»:

Նա ընդգծեց, որ ՀԴՄ չտրամադրելու տարբեր պատճառներ կարող են լինել, օրինակ տվյալ պահին տեխնիկական անսարքություն լինի. «Եթե տեսուչը հսկիչ գնում է կատարում եւ ՀԴՄ կտրոն չեն տրամադրում, դա պետք է արձանագրվի: Այլ բան է, որ բողոքարկման հանձնաժողովին կարող են ներկայացվել փաստարկներ, որոնք կարող են հաշվի առնվել ՊԵԿ-ի կողմից»:

Դավիթ Անանյանը նշեց, որ առաջին անգամ ՀԴՄ կտրոն չտրամադրելու դեպքում՝ ոչ թե տուգանվում է, այլ նախազգուշացվում:

Դիտարկմանը, որ փաստորեն «Զիգզագի» դեպքում՝ դա առաջին դեպքը չի եղել, որ բանը հասել է տուգանելուն, նա արձագանքեց. «Երեւի»:

Էդուարդ Աղաջանյանի ընտանիքն էլ չի կատարում վարչապետի հրահանգները