«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հումորի լավ զգացում ունի։ Այս մասին մարտի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Իմ քայլը» կառավարող խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ մեկնաբանելով «ԼՀ» ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ եթե ընտրությունները հիմա տեղի ունենային, ապա իրենց քաղաքական ուժը ավելի շատ ձայներ կհավաքեր, քան Հայաստանի ներկայիս վարչապետի քաղաքական ուժը։

Պապոյանի խոսքով՝ 2018 թվականի դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններում գրանցվել է էական տարբերություն «Իմ քայլը» դաշինքի եւ մնացած քաղաքական ուժերի միջեւ։ «Հասարակական դժգոհությունը, որն այժմ երբեմն արտահայտում են քաղաքացիները, կապված է այն բանի հետ, որ մարդիկ գիտեն, որ իշխանությունում մարդիկ են, որոնց իրենք ընտրել են»,- նշել է նա։ Պատգամավորը համոզված է, որ կառավարող խմբակցությունն օգտվում է բնակչության մեծամասնության վստահությունից, ուստի մարդիկ բողոքի ակցիաներ են անցկացնում՝ ցանկանալով լսված լինել։ «Իսկ մինչ իշխանափոխությունը դժգոհությունն արտահայտվում էր այն ժամանակ, երբ իրավիճակը դառնում էր անելանելի»,- ամփոփել է Գեւորգ Պապոյանը։