Կարող են լինել ստվերից դուրս գալու ժամանակ հարկային բեռի ավելացմամբ պայմանավորված որոշակի գնաճի տեմպեր: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ չի կարծում, թե դա երկարատեւ էֆեկտներ է ունենալու:

Նա խոստովանեց, որ Հայաստանում հիմա էլ ստվեր կա. «Այո, կա: Գնահատականները տարբեր են, եթե Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները նայենք, իրենք դա ստվեր չեն անվանում, այլ չհաշվառվող տնտեսություն: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, այն 25 տոկոսից նվազել հասել է 22 տոկոսի»,-ասաց նա՝ հավելելով, որ այս պահին ՊԵԿ-ը ոլորտային հարկունակ ստվերի գնահատման իր տեղեկատվական համակարգերն է ներդնում: «Դեռ ձեռքի տակ չունենք այդ համակարգը: Կան առանձին գնահատականներ, որոնք չեմ հնչեցնի: Հիմա այդ գործիքի ստեղծման վրա ենք աշխատում»,-ասաց Անանյանը: