Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսները հանրագումարային առումով էականորեն ավելի շատ հարկ են վճարել 2018-ին, քան նախորդ տարիներին: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Նա ավելի թափանցիկ գործելու նկատառումներից ելնելով, նաեւ ոլորտային քննարկումների ժամանակ իրենց բիզնեսը սեգմենտավորել է: Այսինքն եթե մեկ տնտեսվարող սուբյեկտով տարբեր գործունեության ոլորտներում իրականացնում են գործունեությունը, հիմա բիզնեսը տարանջատում են  ըստ ոլորտների»,-ասաց ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ դրա արդյունքում ավելի թափացիկ են գործում եւ ավելի շատ հարկ են վճարում:

Ավելի վաղ ՊԵԿ-ը հրապարակել էր 2018 թվականին 1000 խոշոր հարկատուների ցանկը, ըստ որի հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգը» 2018 թվականին կտրուկ նվազեցրել է իր հարկային մուտքերը. Այսպես, եթե 2017 թվականին նա վճարել էր 21,5 մլրդ դրամի հարկ եւ զբաղեցրել 4-րդ հորիզոնականը, ապա 2018-ին ընդամենը 16,2 մլրդ դրամի հարկ (6-րդ հորիզոնական): Տարբերությունը կազմել է 5,3 մլրդ դրամ (24,6 տոկոս)։ 
Ավելի ուշ ՊԵԿ նախագահը հայտարարել է, որ Սամվել Ալեքսանյանը իր գործունեությունն այժմ իրականացնում է տարբեր ընկերությունների միջոցով, որոնց վճարած հարկերը հանրագումարում ավելի շատ են, քան 2017-ին: