Կառավարության այսօրվա՝ մարտի 25-ի արտահերթ նիստին Հայաստանի ԿԳ նախարար Արայիկ Հարությունյան ներկայացրեց որոշման նախագիծ, որով նախատեսվում է  ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի «Դպրոցներում STEM կրթության եւ ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում»  ծրագրով նախատեսված միջոցներից 352 միլիոն 226.5 հազար դրամը տրամադրել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ -ին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների բնականոն գործունեությունն ապահովելու համար՝ առանց մրցույթի, որպես դրամաշնորհ:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ կառավարության նախորդ նիստին այս հարցը քննարկել են եւ որոշում է կայացվել մեկ տարով դրամաշնորհ հատկացնել:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ հարցը աշխատանքային կարգով էլ են քննարկել. «Տրամաբանությունը հետեւյալն է, որ այս պահին լաբորատորիաների գործունեությունը կապահովենք, բայց մեր ուղերձը կլինի այնպես, որ ինչպես մնացած բոլոր ոլորտում, այստեղ եւս մենաշնորհային քաղաքականություն չենք վարում: Իհարկե, բնականոն ձեւով համագործակցությունը կշարունակենք, բայց կառավարությունը բաց է նաեւ նոր առաջարկությունների համար»:

Արայիկ Հարությունյանը ավելացրեց, որ այս ՀԿ-ն ամբողջական ներդրման առաջարկ է ներկայացրել, եւ այդ փաթեթը կքննարկեն. «Բայց այս պահին հատկացված գումարը թույլ է  տալիս, որ ծրագիրը շարունակվի եւ մինչեւ տարվա վերջ ավելանան լաբորատորիաները»,-ասաց նա՝ հավելելով, որ ներկայիս 360 լաբորատորիաների թիվը կհասնի մոտ 350-ի:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հետագա ռազմավարությունը կմշակեն, որ ծրագիրը մաքսիմալ արդյունավետ լինի եւ համահունչ Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու տեսլականին:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նկատեց, որ ռոբոտաշինություն եւ ինֆորմատիկա առարկան իրար հետ զուգահեռ են անցկացվում, ինչին ԿԳ նախարարն արձագանքեց, որ ինֆորմատիկայի դասավանդման պրոցեսը հնացած է. «Այն նպատակը, որն արձանագրել ենք ծրագրով, այս առարկան չի լուծում, եւ այնպիսի ծրագիր պետք է մշակենք, որ ծրագրերը մեկը մյուսին համահունչ լինեն»:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ այս առիթով նաեւ աշխատանքային քննարկում են ունեցել եւ հանգել ենք այն մտքին, որ կրթության բովանդակության առումով լուրջ խնդիրն կան, որոնք օրակարգային են եւ այդ ուղղությամբ պետք է աշխատել: «Մեր նպատակը պետք է լինի, որ կրթական ամեն ժամն, ամեն րոպեն իրականացվի արդյունավետ»: