ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ հրավիրվել է ընդլայնված նիստ, որի ժամանակ ամփոփվել են Երեւան քաղաքի քննչական վարչության եւ ԵՔՔՎ հինգ քննչական բաժինների կողմից 2018 թվականին կատարված աշխատանքները:

Երեւան քաղաքի քննչական վարչության պետը եւ ԵՔՔՎ հինգ  քննչական  բաժինների պետերը հանդես են եկել նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը քննարկել է հարուցված քրեական գործերի ընթացքը, դրանք առավել արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաեւ քննիչների կողմից դեպքի վայրի զննության ընթացքում թույլ տրված վրիպումները շտկելու վերաբերյալ տվել  հանձնարարականներ:

«Մեր խնդիրը թվային ցուցանիշները չեն, այլ աշխատանքների գրագետ եւ արդյունավետ կազմակերպումը:  Մեզ արհեստական ցուցանիշներ հարկավոր չեն: Մեր կարգախոսը պետք է լինի  օպերատիվությունն ու որակը»,- ընդգծեց ՔԿ նախագահը:

Հայկ Գրիգորյանը հանդիպման ընթացքում եւս մեկ անգամ շեշտեց քաղաքացիների հետ շփման կարեւորությունը. «Քաղաքացիների  հետ շփումներում դրսեւորեք սրտացավ եւ  կոռեկտ վարքագիծ»,- ասաց ՔԿ նախագահը:

Անդրադառնալով ատեստավորման գործընթացին՝ Հայկ Գրիգորյանն ասաց, որ այն գիտելիքների կատարելագործմանն ուղղված քայլ է. «Անցնելու եք շատ խիստ ատեստավորում եւ այն անձինք, ում գիտելիքները պատշաճ մակարդակի չեն լինի, կուղարկվեն լրացուցիչ վերապատրաստման: Ատեստավորման գործընթացն անձից ազատվելու միջոց չէ, այլ գիտելիքների կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանք: Քննիչի  տեսական գիտելիքների կատարելագործումը մեզ համար առաջնային խնդիր է»,- շեշտեց Քննչական կոմիտեի նախագահը:

Հայկ Գրիգորյանն ընդգծեց, որ ստորաբաժանման ղեկավարները պատասխանատվություն են կրում նախաքննության կազմակերպման արդյունավետության համար.«Ղեկավարը քննիչ պետք է լինի, ոչ թե տնօրեն: Ստորաբաժանման ղեկավարը պարտավոր է քայլեր ձեռնարկել, օգնել գերծանրաբեռնված քննիչներին՝ անձամբ վարույթում  քրեական գործեր ընդունելով եւ քննություն իրականացնելով: Ղեկավարը պետք է անձամբ գործ քննի՝  իրականությունից չկտրվելու եւ քննիչի դրության մեջ մտնելու համար: Եթե քննչական ստորաբաժանման ղեկավարը չի կատարում քննիչ գործառույթներ, դառնում է տնօրեն, ինչն անթույլատրելի է: Ձեր վարքով եւ աշխատանքով  հեղինակություն դարձեք Ձեր ենթակաների համար»,- ընդգծեց ՔԿ նախագահը:

Հայկ Գրիգորյանը Երեւան քաղաքի քննչական  վարչության եւ  հինգ քննչական բաժինների աշխատանքը գնահատեց գերազանց եւ վարչության պետին հանձնարարեց ծառայության ընթացքում առավել լավ ցուցանիշներ արձանագրած աշխատակիցներին ներկայացնել խրախուսման:

Դիմելով քննիչներին՝ Հայկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց իրենց առջեւ դրված խնդիրները պատվով հաղթահարելու համար. «Շարունակեք աշխատել նույն ջանասիրությամբ եւ պատասխանատվությամբ: Աշխատանքների կատարելագործմանն ուղղված քայլերը պետք է կրեն ամենօրյա բնույթ»,- ընդգծեց ՔԿ նախագահը: