ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են համակարգչային սաբոտաժի դեպքի մի շարք հանգամանքներ, մեխանիզմը. մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդին:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2018 թվականի դեկտեմբերի 22-ին ծրագրավորմամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրն անհայտ անձը հասանելիություն է ստացել ընկերության սերվերին եւ տիրացել դրանում պահվող կայքերից մեկին:

Քննության ընթացքում պարզվել է, որ Երեւան քաղաքի 23-ամյա բնակիչը, նախկինում հանդիսացել է նույն ՍՊ ընկերության աշխատակից, որտեղից ազատվել է 2018 թվականի դեկտեմբերի 05-ին:

2018 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, չհանդիսանալով ՍՊ ընկերության աշխատակից՝ ապօրինի հասանելիություն է ստացել ընկերության սերվերին, պատճենահանել սերվերում գտնվող կայքերից մեկի տվյալների բազան իր բջջային հեռախոսում, որից հետո տվյալների բազան ջնջել է կայքից՝ այն բերելով ոչ պիտանի վիճակի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 23-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: