Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից կրկին տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Քրեակատարողական վարչության հանրային կապերի ծառայությունից:

Ծառայությունից նաեւ նշեցին, որ Մանվել Գրիգորյանի հիվանդանոց տեղափոխման պատճառը առողջության վատթարացումը չէ:

Գրիգորյանի պաշտպան  Լեւոն Բաղդասարյանը լրատվամիջոցներին հայտել է, որ Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ։

Հունվարի 25-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության պաշտոնական կայքէջը հայտնել էր, որ ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է Մանվել Գրիգորյանի գործով համապատասխան տեղեկատվություն տրամադրել:

Մարտի 22-ին ՄԻԵԴ-ից  ստացված գրությամբ ՀՀ կառավարությունը տեղեկացվել է, որ  մարտի 12-ին Մանվել Գրիգորյանի փաստաբանը խնդրել է, որ Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության տակ, ինչպես նաեւ անհապաղ տեղափոխել Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն՝ հետագա ստուգման եւ բուժման նպատակով:

Մարտի 22-ին Եվրոպական դատարանը որոշում է կայացրել հետաձգել միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը՝ պահանջելով ՀՀ կառավարությունից մինչեւ ապրիլի 3-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:

Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը ձեռնարկում է համապատասխան քայլեր՝  նշված տեղեկատվությունը հավաքելու, ՀՀ կառավարության դիրքորոշումը ձեւակերպելու եւ սահմանված ժամկետում Եվրոպական դատարան ներկայացնելու համար

Ավելի վաղ, փետրվարին Մանվել Գրիգորյանը տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն հետազոտվելու:

Մանվել Գրիգորյանը հունվարի 22-ից գտնվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:

Մարտի 15-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանքը եւս երկու ամսով երկարացնելու մասին:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաեւ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել: Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում: Ազգային անվտանգության ծառայության ԱԱԾ տարածած հաղորդագրությունում, մասնավորապես ասված էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո եւ ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաեւ «զինվորի բաժին» նշագրմամբ սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռեւս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: