Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով «Աուտիզմ եւ զարգացման այլ խանգարումներ ունեցող երեխաների բուժման, վերականգնման, կրթության եւ զբաղվածության ապահովում» ծրագրով «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ին առանց մրցույթի, որպես դրամաշնորհ հատկացնել 44,326.7 հազար դրամ: Այս մասին արտահերթ  նիստին  որոշում կայացրեց գործադիրը:

Ըստ նախագծի՝«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1515-Ն որոշման փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է աուտիզմ եւ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների կրթությանն աջակցող ծառայությունների շարունակականությունն ու «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ի բնականոն գործունեությունն ապահովման անհրաժեշտությունից:

Այսպիսով Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի աուտիզմ եւ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների բուժման վերականգնման, կրթության եւ զբաղվածության ապահովման ծառայությունների բնականոն գործունեությունը: