Մեքսիկայի արեւմուտքում՝ Հալիսքո նահանգի Գվադալահարա քաղաքում կիրակի օրը թեքիլայի՝ երկնագույն ագավայի հյութից պատրաստված խմիչքի համտեսման համար ռեկորոդային թվով մարդ է հավաքվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով EFE գործակալությանը։

Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառմանը մասնակցել է 1486 մարդ, ինչը թույլ է տվել գրանցել սա Գինեսի ռեկորդների գրքում։ Համտեսման կարգն անցկացվել է Գվադալահարայի պատմական կենրոնում, քաղաքի Մայր տաճարից եւ հանրահայտ Դեգոլյադո թատրոնից ոչ հեռու։

Հավաքվածներին առաջարկվում էր համտեսել երեք տեսակի թեքիլա՝ «բլանկո» (չհնեցված), «ռեպոսադո» (մեկ տարվա հնեցմամբ) եւ «անյեխո» (մինչեւ հինգ տարի հնեցմամբ)։ Բացի այդ, հյուրերին մատուցում էին նաեւ ջուր, որպեսզի համի ռեցեպտորները չբթանան խմիչքը համտեսելիս։

Թեքիլայի մեքսիկական արտադրողների միավորման փոխնախագահ Ֆրանսիսկո Խավիեր Սոլթերոն, որը մասնակցում էր համտեսմանը, հայտարարել է, որ «թեքիլան Հալիսքո նահանգի նվերն է ողջ աշխարհին»։ Նա միեւնույն ժամանակ նշել է, որ ըմպելիքի մեջ «կենտրոնացած են ազգային խառնվածքի բնորոշ գծերը»։ Դա մեկ անգամ եւս ընդգծելու համար շատ համտեսողներ եկել էին սոմբրերոներով եւ ազգային տարազներով։

Մեքսիկայում մոտ 1200 նմուշի թեքիլա կա, որոնք պաշտոնական վկայականներ են ստացել։ Այս ըմպելիքն արտադրվում է երկրի հինգ մարզերի տարածքում, բայց անվիճելի առաջնորդը Հալիսքո նահանգն է, որտեղ 125 վարչական տարածքներից յուրաքանչյուրում գործում են թեքիլայի արտադրության ֆաբրիկաներ։