Սպիտակ համարանիշներով ավտոմեքենաների հետ կապված բավականին լուրջ աշխատանքներ են տարվում, որոնք զբաղվում են ուղեւորների մասնավոր փոխադրումներով: Մարտի 25-ին Կառավարության նիստից հետո լրագրողներին այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ ուղեւորափոխադրումներով զբաղվող ընկերությունները բողոքում են, որ անհատ ձեռներեցները խանգարում են նրանց, եւ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը այս հարցում գործողություններ չի ձեռնարկում:

Նախարարի հավաստմամբ՝ հարցը դեռեւս հաջողվել է մասամբ լուծել:

«Խնդիրն այն է, որ 8 տեղանոց մեքենաները միշտ նույն տեղում են կայանում, ուղեւորափոխադրումներ են իրականացնում եւ խանգարում են այն ընկերություններին, որոնք մրցութային հիմունքով դրա իրավունքն են շահել: Այդ իմաստով օրենսդրությունում բացեր կան եւ տվայլ ուղղությամբ նույնպես աշխատանքներ են կատարվում: Մենք համագործակցում ենք ՊԵԿ-ի եւ Ոստիկանության հետ՝ ձգտելով կարգավորել հարցը», -նշեց Արշակյանը: