Կառավարության այօրվա՝ մարտի 25-ի արատահերթ նիստում որոշում կայացվեց «Արտադպրոցական դաստիարակության» ծրագրի իրականացման համար 2019 թ. պետբյուջեից 626,311,000 ՀՀ դրամի չափով ֆինանսական հատկացում տրամադրել դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպություններին:

Մինչդեռ մինչեւ 2018 թ. ներառյալ վերոնշյալ ծրագրի իրականացման համար գումար է ծրագրվել եւ հատկացվել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության համակարգում գործող երեք մարզական հասարակական կազմակերպությունների՝ «Հայաստան», Հայաստանի «Սեւան» եւ Հայաստանի «Դինամո»: Ներկայումս այս 3 կազմակերպություններն ունեն 22 մարզադպրոց, որտեղ մարզվում է ավելի քան 5000 սան:

Ընդ որում՝ տարեսկզբից չխախտելով ուսումնամարզական պրոցեսի անընդհատությունը հասարակական կազմակերպություններում սաները շարունակում են անցկացնել իրենց պարապունքները: Հաշվի առնելով տարիներով ձեւավորված ավանդույթը եւ ցուցաբերած բարձր արդյունքները՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը նպատակահարմար է համարում ծրագրված գումարներն առաջին կիսամյակում հատկացնել այս հասարակական կազմակերպություններին՝ առանց մրցույթի տրամադրվող դրամաշնորհի ձեւով: Այդ նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանին, նշել է, որ մարզադպրոցների մի մասը ԿԳ նախարարության համակարգում է, մի մասը՝ Սպորտի նախարարության, մի մասն էլ՝ համայնքապետարանների ենթակայության կամ մարզական միությունների ենթակայության ներքո է: Կառավարության ղեկավարի խոսքով, դա լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում ոլորտում առկա խնդիրները լուծելու համար:

Գաբրիել Ղազարյանը հայտնել է, որ վարչապետի հանձնարարությամբ այժմ ծրագիր է մշակվում մարզադպրոցների՝ միասնական, աշխատանքային քարտեզ գծելու համար. վերջնական տարբերակը պատրաստ կլինի 3-4 ամիս հետո։