Այսօրվանից կարելի է շարունակել ներկրել աջ ղեկով մեքենաները: Մարտի 25-ին Կառավարության նիստից հետո լրագրողներին այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Նա պարզաբանեց, որ նախորդ նիստին առաջարկվել էր հարցը ներառել արտահերթ նիստի օրակարգում, որն այսօր անցկացվեց:

«Որոշման ընդունումից հետո այդ մեքենաները կարող են արդեն շահագործվել: Մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը գնված մեքենաների ներկրումը կշարունակվի մինչեւ 2019 թվականի մայիսի 1-ը», - հիշեցրեց նա:

Նախարարը հավելեց, որ Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո նրանք եզրակացրել են, որ այդ ժամանակահատվածը բավարար է, որպեսզի բոլոր սեփականատերերը հասցնեն իրենց մեքենաները երկիր ներկրել:

«Բացառում եմ, որ ժամկետը կերկարաձգվի: Այս հարցում գլխավոր շահագրգիռ մարմինները ՊԵԿ-ը եւ Ոստիկանությունն են: Տրանսպորտի նախարարությունն այս հարցով զբաղվում  է իր մասով», - ընդգծեց նա: