ՀՀ տնտեսական զարգացման  եւ ներդումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր աշխատակազմին է ներկայացրել ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահ Սուսաննա Սաֆարյանին։ Նախարարը շնորհավորել է Կոմիտեի նախագահին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք։

Նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ պետք է հասցեագրել բոլոր հատվածներում եղած խնդիրները եւ անելիքները՝ ըստ այդ խնդիրների կարգավորման առաջնայնության։ Նախարարի խոսքով՝ գերատեսչության միասնական ուժերով եւ քննարկումներով անհրաժեշտ է գտնել այնպիսի լուծումներ, որոնք կարգավորում են ոչ միայն զբոսաշրջության, այլեւ հարակից ոլորտներում առկա խնդիրները։

Սուսաննա Սաֆարյանը, շնորհակալություն հայտնելով նախարարին՝ նշել է, որ ուրախ է միանալ նախարարության թիմին․ «Վստահորեն եմ մուտք գործում այստեղ՝ քաջ գիտակցելով, որ տիրապետում եմ ոլորտի խնդիրներին թե՛ որպես միջազգային ծրագրի աշխատակից, թե՛ որպես մասնավոր հատվածի նախկին ներկայացուցիչ եւ թե՛ պարզապես որպես զբոսաշրջիկ, որը շատ է շրջագայել Հայաստանում։ Հուսով եմ, որ թիմն իմ կողքին կլինի՝ սահմանելու առաջնահերթությունները՝ այդ գործընթացին ներգրավելով նաեւ ոլորտի ներկայացուցիչներին», - նշել է Սուսաննա Սաֆարյանը։

Նշենք, որ ՀՀ Վարչապետի 2019 թվականի մարտի 22-ի որոշմամբ Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ։