Արտասահմանյան եւ ադրբեջանցի գիտնականների հետազոտությունների համաձայն՝ GPS չափումներն Արեւելյան Ադրբեջանում, որոնք անցնում են Փոքր Կովկասով, Կուրսկի ավազանով եւ Ափշերոնի թերակղզով, մատնանշում են երկրակեղեւի անոմալ ձեւափոխումների մասին, որոնք անցնում են Կասպից ծովի արեւմտյան ափով դեպի Ափշերոնի թերակղզուց հարավ՝ 15 մմ/տարի արագությամբ։ Հաշվի առնելով խոշոր բնակավայրի (Բաքու), նավթարդյունաբերության սարքավորումների եւ խողովակաշարերի մերձությունը (օրինակ՝ Սանգաչալայի տերմինալը), գիտնականները եզրակացնում են, որ այստեղ առկա է սեյսմիկ վտանգ։

Բացի երկրի տարածքում երկրակեղեւի 2011-ի ձեւափոխումներից, նկատվել է նաեւ տեկտոնական սալերի խզվածք հարավից հյուսիս ուղղությամբ։ Երկրակեղեւի առաջ եկած ճեղքվածքները հասել են 2 մետր լայնության։

Չնայած այն բանին, որ Ադրբեջանի տարածքը չի պատկանում սեյսմիկ բարձր ակտիվություն ունեցող այսպես կոչված «հրե օղակի» շրջաններին, գիտնականները պնդում են, որ հաճախ տեղի ունեցող 3,0-3,5 բալանոց թույլ երկրաշարժերը եւ դրանց ուղեկցող խզվածքների նոր համակարգերը մատնանշում են, որ երկրաբանատեկտոնական պրոցեսները երկրի տարածքում ակտիվ փուլում են։ Այդ պրոցեսները ճեղքեր են առաջացնում տներում, ակտիվացնում սողանքները, երկրակեղեւի վրա ճեղքվածքներ առաջացնում։

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների՝ 6,0-6,9 մագնիտուդով երկրաշարժեր պարբերաբար տեղի են ունեցել Ադրբեջանի հյուսիսում՝ ընդգրկելով Շաքիի, Օղուզի, Ղաբալայի շրջանները, Իսմայիլլիի, Ղուբայի եւ Կուսարի շրջանների մի մասը, հարավում՝ Լերիկյան շրջանը, ինչպես նաեւ Ափշերոնի թերակղզին։

Հաջորդ նկարում ներկայացված է Ադրբեջանի սեյսմիկ ռիսկերի բաշխումը համաձայն ԱՀԿ-ի։ Ձախ աղյուսակում գունավոր ուղղանկյունները ցույց են տալիս սեյսմիկ սպառնալիքների մակարդակը։ Աջ աղյուսակի գունավոր շրջանակներն արտացոլում են երկրաշարժերի մագնիտուդն ըստ Ռիխտերի սանդղակի։ Ինչպես տեսնում ենք, երկրի տարածքի մեծ մասը, ներառյալ Բաքուն, գտնվում են բարձր ռիսկի գոտում։

Պակաս վտանգ չի ներկայացնում Մինգեչաուրի ջրամբարտակը, որի տակ գտնվում են երկրաշարժերի օջախներ եւ անցնում են տեկտոնական սալերի ճեղքվածքներ։ Թեեւ մասնագետները հուսադրում են բնակչությանը՝ ասելով, որ ջրամբարտակը բավական ամուր է, հայտնի է, որ կառավարության հատկացրած միջոցները հսկա ջրամբարի նորոգման համար անհրաժեշտ օգուտը չեն ապահովում. այն չի հիմնանորոգվել ԽՍՀՄ փլուզումից հետո։ Գարնանը Քռի ձնհալի ջրերը համալրում են ջրամբարտակը՝ հեղեղումների վտանգ ստեղծելով մերձակա բնակավայրերի համար։

Վերջին ժամանակներս երկրում զգալիորեն հաճախակիացել է հրաբխային ակտիվությունը։ Այսպես, 2018 թվականի սեպտեմբերին արթնացավ Օթման Բոզդաղի հրաբուխը, որը գտնվում է Բաքվից 35 կիլոմետր հեռավորության վրա։ Ադրբեջանի էկոլոգիայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ հզոր ժայթքումները հասել են 200-300 մետրի, ինչից հետո հրաբխի շուրջ գոյացել են 40 մետր խորությամբ ճեղքեր։

Ցեխային հրաբուխների քանակով Ադրբեջանը գրավում է առաջին տեղն աշխարհում, դրանք հասնում են մի քանի հարյուրի, եւ դրանց մեծ մասը գտնվում է Ափշերոնի, Գոբուստանի եւ Հարավկասպյան իջվածքի շրջանում։ Ստեղծված կարծիքի համաձայն՝ դրանք մեծ վտանգ չեն ներկայացնում։ Սակայն այդպես չէ. մակերես դուրս եկող ցեխային զանգվածները շարժվում են երկրակեղեւի խորությամբ, ինչը հանգեցնում է հավելյալ սնամեջությունների ու խզվածքների առաջացմանը։

2018 թվականի փետրվարի 7-ին Բաքու-Շամախ- Եվլախ ավտոճանապարհի 115-120 կիլոմետրում հինգ տեղում 1-3 սանտիմետր լայնությամբ ճեղքեր են առաջացել, Շամախ-Փիրղուլու-Դեմիրչի-Գիզմեյդան-Փիրբեյլի ավտոճանապարհին գրանցվել են ճեղքվածքներ եւ սողանքներ։ Ճեղքեր են նկատվել նաեւ Իսմայիլլի-Մուղանլի ավտոճանապարհին։

Փետրվարի 11-ին Բաքվում սողանք գրանցվեց։ Լեռնային ապարի սողանքի հետեւանքով մասամբ քանդվեցին տներ եւ լապտերասյուներ։

Մեկ հոդվածի շրջանակում անհնար է նկարագրել երկրում բնական արհավիրքի բոլոր դեպքերը, բայց նշենք, որ Ադրբեջանում տարբեր բնական պատահարներ բավական հաճախ են տեղի ունենում։ Դրանք լինում են ինչպես կործանարար (օրինակ՝ 2012-ի երկրաշարժերի շարքը), այնպես էլ չափազանց գեղեցիկ (օրինակ՝ զարմանալի մառախուղն ադրբեջանական սարերում)։ Միայն թե ոչ ոք չի կարող կանխատեսել, թե երբ սեյսմիկ ակտիվության, տեկտոնական սալերի ու խզվածքների, նավթարդյունահանման հետեւանքով երկրակեղեւում գոյացած սնամեջությունն ու ճեղքերը, մանավանդ տարերային աղետների կամ մարտական գործողությունների վերսկսման դեպքում, կհանգեցնեն մասշտաբային աղետների։